Մատչելիության հղումներ

Փաշինյանի շարասյան վրաերթից մահացած հղի կնոջ գործով 2 տարի անց ոչ ոք չի պատժվել


Երկու տարի առաջ այս օրը՝ վարչապետի շարասյան առջևից ընթացող մեքենան, քաղաքի կենտրոնում մահացու վթարի ենթարկեց 29-ամյա հղի կնոջը: Մի խումբ քաղաքացիներ, ծաղիկներով ու վառվող մոմերով հավաքվել են դեպքի վայրում: Նրանք պահանջում են, որ պատժվի Սոնայի մահվան մեղավորը:

Մնացականյանի ընտանիքն ու փաստաբանը, որ այսօր այստեղ ներկա չեն, պնդում են՝ Սոնայի մահվան մեղավորը ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանն է ու շարասյան ղեկավարը:

«Մեր կարծիքով մեղավորը վարորդն է, շարասյան ղեկավարը, կորտեժի ղեկավարն է: Մինչ օրս քրեական հետապնդում չկա հարուցված կորտեժի ղեկավարի և շարասյան ղեկավարի նկատմամբ: Բոլորն էլ շարունակում են աշխատել, որևէ տեսակի պատժամիջոց առհասարակ նշված երկուսի նկատմամբ չկա, իսկ վարորդի նկատմամբ բացակայելու ակտ է, նույնիսկ պաշտոնավարումը չի կասեցվել», - ասաց տուժող կողմի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը:

Վարորդի փաստաբան Ոուբեն Բալոյանը շարունակում է հակադարձել՝ Սոնա Մնացականյանն է չթույլատրված տեղով անցել ու ճակատագրական հետքայլ արել, իսկ վարորդն, ըստ փաստաբանի, չի գերազանցել արագությունը. - «Եթե Սոնա Մնացականյանը հետքայլ չկատարեր, վրաերթը տեղի չէր ունենա»:

29-ամյա դստերն ու դեռ չծնված թոռանը կորցրած Մնացական Մնացականյանն ու կինը տեսախցիկի առջև խոսելու սիրտ չունեին՝ գերեզման էին գնացել:

Բայց հայրը հեռախոսով երկու բառ փոխանցեց, ասաց՝ «եթե խաչմերուկը փակ լիներ, իր դուստրը չէր հայտնվի խաչմերուկում»: Հայրը հույս ունի, որ դատարանն արդար վճիռ կկայացնի:

Դատական նիստերը շարունակվում են արդեն 2 տարի, շուրջ երեք տասնյակ մարդ է հարցաքննվել: Սոնա Մնացականյանի հայրը նիստերից մեկի ավարտին հայտարարել էր՝ հիմնականում ոստիկանության աշխատակիցներն են ցուցմունքներ տվել ու վախվորած պնդել՝ վարորդը թույլատրելի արագությունը չի գերազանցել: Ըստ նրա՝ եթե վարորդը գոնե պաշտոնանկ արված լիներ ու անազատության մեջ գտնվեր, գուցե այդ ցուցմունքներն այլ լինեին:

Վարորդ Արամ Նավասարդյանի փաստաբանը անլուրջ խոսակցություն էր որակել Սոնայի հոր պնդումները: Ասում է՝ իր վստահորդի մեղքն ապացուցված չէ, ինչո՞ւ պիտի բանտում լիներ. - «Ներկա պահին վարորդի մեղքը հիմնավորված չի, դատավորի որոշումն էլ, որ միջնորդեցինք նոր փորձաքննություն նշանակել, մերժվեց, դա էլ անհիմն մերժվեց: Մենք դատավորին ինքնաբացարկ ենք ներկայացրել, քննությունը գնում է սխալ ուղղությամբ, ոչ օրենքի տառով, Արամ Նավասարդյանը տվյալ վրաերթի մեջ մեղավորություն չունի»:

Մահացած կնոջ ընտանիքն ու նրանց փաստաբան Րաֆֆի Ասլանյանն այսօր էլ նույնը պնդեցին՝ կնոջը վերաերթի ենթարկած Արամ Նավասարդյանը ու շարասյան ղեկավարը ոչ միայն շարունակում են իրենց աշխատանքը, այլև ազատության մեջ են: Բայց փաստաբանը նույնպես արդար վճռի հույսը չի կորցնում:

Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեջ մեղադրվող, մայոր Արամ Նավասարդյանը մեղքը չի ընդունում: Սոնա Մնացականյանի հարազատներն ու փաստաբանը պնդում են՝ նա հեռացել է դեպքի վայրից: Վարորդն ու իր փաստաբանը այս պնդումներն էլ են հերքում:

Շուրջ 2 տարի ընթացող դատավարությունը շարունակվում է, հաջորդ նիստը մայիսի կեսերին է։ Ե՛վ Տուժող կողմի, և՛ մեղադրյալի փաստաբանները պնդում են, թե իրավապահ համակարգը զգուշավոր է, քանի որ գործն առնչվում է վարչապետի շարասյանը։

XS
SM
MD
LG