Մատչելիության հղումներ

«Նվիրեք մեզ, նվիրենք ձեզ». կառավարության նոր առաջարկը նկարիչներին ոգևորությամբ չընդունվեց


Նկարիչների միության շենքը Երևանում
Նկարիչների միության շենքը Երևանում

«Նվիրեք մեզ, նվիրենք ձեզ». կառավարությունը նոր առաջարկ ունի նկարիչներին... Երևանի սրտում՝ Աբովյան փողոցի վրա գտնվող շենքը թող նվիրեն կառավարությանը, հետո հետ կստանան՝ այն չօտարելու պայմանով:

«Կնվիրենք ու հետ չենք ստանա», - կանխատեսում են միության անդամներից։ Ստեղծագործական միությունների շենքերի շուրջ անհանգստություններն սկսեցին այն ժամանակ, երբ դատախազությունը հայց ներկայացրեց դատարան՝ թե այդ շենքները պետք է պետությանը վերադարձվեն, 90-ականներին մասնավորեցվել են ապօրինի։ Հետո կառավարությունից, նաև վարչապետ Փաշինյանը հայտարարեցին՝ շենքերը կմնան գրողներին, նկարիչներին, բայց պետք է այդ ունեցվածքը վաճառելու հնարավորություն չլինի:

Նկարիչների միության անդամներն այսօր համագումար էին հրավիրել, կրթության նախարարն ու փոխնախարարն էլ էին մասնակցում։ Ժաննա Անդրեասյանի՝ նվիրիր, որ նվիրենք առաջարկը, մեղմ ասած, ոգևորությամբ չընդունվեց։

«Եթե շենքի օտարումն արգելելն է հարցը, այլ տարբերակներ կան, ինչո՞ւ պիտի նվիրենք մեր սեփականությունը», - հարցնում են նկարիչները:

Կրթության նախարարն արդեն հեռացել էր և արձագանքի բեռը մնաց փոխնախարարի վրա. - «Առաջարկություն հնչեց, եթե ավելի լավ առաջարկություններ կան, խնդրեմ, անենք, գնանք միասին ձևավորենք էդ առաջարկը, գրենք»:

Փոխնախարար Դանիել Դանիելյանն առաջարկեց երկխոսություն, քննարկումներ, միայն թե իրավական լուծում գտնվի։

Միության անդամ Զարուհի Մուրադյանը որևէ լուծում, քննարկում ընդունելի չի համարում, քանի դեռ դատախազության հայցը՝ իրենց շենքը պետականացնելու վերաբերյալ դատարանում է. - «Չի բացառվում, որ մենք ամիսներով քննարկենք, դատախազությունը փակ նիստով գրավոր ընթացակարգով որոշումը կայացնի, որ շենքն արդեն մերը չի, դրանից հետո կհետևի կարմիր բերետավորների մուտքը մեր շենք ու հարցը կվերջանա, իսկ մենք դեռ նստել քննարկում ենք»:

«Իրավական երկրում չենք կարող շանտաժի լեզվով խոսել դատախազության հետ», - կրթության փոխնախարարի այս բացատրությունը դահլիճին կարծես թե չհամոզեց:

Նկարիչների միության ունեցվածքը դեռ քննարկումների ու բանավեճերի թեմա է լինելու։ Միության նախագահն ասաց՝ առայժմ կսպասեն կառավարության այս նվեր ստանալ-առնելու գրավոր առաջարկին:

«Մենք դեռ ոչ մի պատասխան չենք կարող տալ, քանի որ մենք դեռ չունենք այդ գրավոր առաջարկը, երբ որ այդ առաջարկը կլինի, երբ որ կզբաղվեն մեր իրավաբանները, երբ որ արդեն կձևավորվի այդ փաթեթը, մենք կներկայացնենք մեր համագումարին, մեր Հայաստանի նկարիչների միության անդամներին ու իրենց հավանությունը ստանալով կգնանք արդեն այդ ընթացակարգով», - ընդգծեց միության նախագահ Սուրեն Սաֆարյանը:

Միության նախագահը վստահեցրեց՝ ոչ մի համաձայնություն, ստորագրություն, որոշում չի կարող լինել առանց նկարիչների համագումարի որոշման. բոլորն են համաձայն, որ միության եղած ունեցվածքը պիտի մնա նկարիչներ տնօրինության տակ, բոլորն են համաձայն, որ այլևս ոչինչ չպիտի վաճառվի:

Նկարիչների միությունը ամենահարուստ ստեղծագործական միությունն էր՝ այսօր նրա ունեցվածքի 80 տոկոսը չկա, 90-ականներից սկսած վաճառվել են միության կերպարվեստի կոմբինատը, որ այժմյան շենքից 4 անգամ մեծ տարածք ուներ, սալոն Թումանյան փողոցի վրա, Կինոմոսկավայի մոտ նկարիչների նորակառույցը, սրճարանը և էլի տարածքներ։

XS
SM
MD
LG