Մատչելիության հղումներ

Շիրակի մարզում շարունակվում են կոռուպցիոն գործով պաշտոնյաներ կալանավորվել


Շիրակի մարզում շարունակվում են կոռուպցիոն գործով պաշտոնյաներ կալանավորվել։ Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի ու վարչության մասնագետից հետո էլ օրերս Արթիկի փոխքաղաքապետն է կալանավորվել։

Մինչ Շիրակի մարզպետարանն ու Արթիկի քաղաքապետարանը մեկնաբանություններ չեն տալիս, Քննչական կոմիտեից են սեղմ տեղեկություն հայտնում. - «Քրեական վարույթի շրջանակում որպեղ մեղադրյալ ներգրավված վեց անձանցից մեկը Արթիկի համայնքապետարանի պաշտոնատար անձ է։ Վերջինիս նկատմամբ նույնպես որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»։

Արթիկի քաղաքապետի առաջին տեղակալ Արտակ Հարությունյանն այս պաշտոնին նշանակվել է 21-ի տեղական ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագրի» հետ կնքած հուշագրով։ 41 տոկոս քվե ստացած ՔՊ-ն միայնակ մեծամասնություն չէր կարող ձևավորել ու համայնքի ղեկավար ընտրել։ Այս հարցում օգնության եկավ Հարությունյանի ղեկավարած «Ազատական» կուսակցությունը։ Փոխքաղաքապետ Հարությունյանը Արթիկում նաև բիզնես գործունեություն է ծավալում՝ խանութների ցանցի հիմնադիր է։

Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանն այսօր ողջ օրվա ընթացքում այդպես էլ չպատասխանեց «Ազատության» հեռախոսազանգերին։ Հակակոռուպցիոն կոմիտեն էլ քննվող այս գործից այս պահին միայն կալանավորված ու մեղադրվող անձանց թիվն է հրապարակում՝ 6. - «Մեղադրանքները ներկայացվել են կաշառք տալու, ինչպես նաև կաշառք ստանալու հոդվածներով։ Մեղադրյալներից 3-ի, այդ թվում՝ Շիրակի մարզպետարանի 2 աշխատակցի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, մյուս մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանքը և բացակայելու արգելքը»։



Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանին ու նույն վարչության մասնագետ Մկրտիչ Ասատրյանին Հակակոռուպցիոն կոմիտեն կաշառք ստանալու մեղադրանք է ներկայացրել, նրանց պաշտոնավարումը երկու ամսով կասեցվել է, նրանց ու Արթիկի փոխքաղաքապետի փաստաբանների հետ կապ հաստատել չի հաջողվել։

«Ազատության» տեղեկություններով՝ վարույթի շրջանակներում մեղադրյալների թվում նաև շինարարական ընկերությունների սեփականատերեր կան։

Խաչատուր Խնձրցյանը 2.5 տարի է՝ զբաղեցնում է քաղաքաշինության վարչության պետի պաշտոնը, մինչ այդ երկար տարիներ ճանապարհաշինության բաժնի պետն էր։ Աշխատակիցների կալանավորման վերաբերյալ Շիրակի մարզպետի աշխատակազմից միայն փոխանցեցին, որ գնահատական տալ չեն կարող, գործն իրավապահների տիրույթում է։ Իսկ ինչի՞ համար է նույն գործի շրջանակներում կալանավորվել Արթիկի քաղաքապետի առաջին տեղակալը, արդյո՞ք նա էլ է ենթադրաբար կաշառք ստացել, թե՞ կաշառք տվել, ու արդյո՞ք գործը պետական սուբվենցիոն ծրագրերի հետ է կապված՝ Հակակոռուպցիոն կոմիտեն առայժմ այս հարցերին չի պատասխանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG