Մատչելիության հղումներ

Կիրանցի բախումների փաստով երկու վարույթ է հարուցվել, ապա դրանք միացվել են


Բախումները Կիրանցում, 26-ը ապրիլի, 2024թ.
Բախումները Կիրանցում, 26-ը ապրիլի, 2024թ.

Քննչական կոմիտեում քննություն է կատարվում՝ պարզելու Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում երեկ տեղի ունեցած միջադեպի հանգամանքները։

Ըստ ոստիկանությունից ստացված հաղորդման՝ ուրբաթ օրը ժամը 21-ին Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի սկզբնամասում մի խումբ անձինք, փակելով ճանապարհը, չեն ենթարկվել այն բացելու՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջին, հաղորդում է Քննչականը:

«Սկսվել է իրարանցում, որի ընթացքում տարածքում լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր: Դեռևս չպարզված անձինք հրմշտել են ոստիկանության աշխատակիցներին և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել նրանց հասցեին՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, դրսևորելով բացահայտ արհամարհական վերաբերմունք հասարակական կարգի, իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ։ Այդ ընթացքում նրանք քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, որի հետևանքով Ոստիկանության երկու ծառայող ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Իջևան» բժշկական կենտրոն», - ասված է հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ այսօր Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի` «խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից», և 452-րդ հոդվածի 3-րդ մասի՝ «պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն գործադրելը», հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այսօր ժամը 01:41 «Իջևան» բ/կ-ից հաղորդում է ստացվել, որ Կիրանցում ակցիայի ժամանակ ստիկանության ծառայողների գործողությունների հետևանքով ստացած վնասվածքներով շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել երեք քաղաքացիական անձանց։

Ստացված այս հաղորդման առթիվ նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով»:

Նկատի ունենալով, որ վերը նկարագրված առերևույթ հանցանքի դեպքերը կատարվել են նույն ժամանակահատվածում և նույն վայրում, պատշաճ ու համակողմանի քննություն ապահովելու նպատակով, նախաձեռնված վերոնշյալ քրեական վարույթները միացվել են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG