Մատչելիության հղումներ

Երևանում բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ սառը զենք կրելու կասկածանքով. ՔԿ


«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և վերջինիս աջակիցների կողմից Երևան քաղաքում անցկացվող երթի ընթացքում մայիսի 10-ին՝ ժամը 12-ի սահմաններում, Երևան քաղաքի Նալբանդյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից սառը զենք կրելու կասկածանքով Ոստիկանության կենտրոնական բաժին է տեղափոխվել ակցիայի երկու մասնակից։

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ նրանց մոտ հայտնաբերվել է մեկական ծալովի դանակ։

Վերջիններս, ըստ հաղորդագրության, Երևան քաղաքի 42-ամյա և 47-ամյա բնակիչներ են, որոնցից առաջինը նախկինում երեք անգամ դատապարտված գույքի հափշտակության համար (որոնցից երկուսը՝ ավազակությամբ), իսկ երկրորդը՝ ուրիշի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշված երկու անձինք հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել են։

ՆԳՆ-ից ավելի վաղ «Ազատությանը» հայտնել էին, որ 8 մարդ է ձերբակալվել Երևանում անցկացված ակցիաների ժամանակ։ Ըստ լրատվական ծառայության, նրանցից երկուսին բաժին են տարել սառը զենք՝ դանակներ, մեկին՝ չթույլատրված առարկա պահելու համար։ Մայրաքաղաքի ակցիաների 5 մասնակցի էլ ձերբակալել են ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG